Կնոջ դերը հայր-երեխա փոխհարաբերություններում

Երեխայի համար չկա ավելի հարազատ մարդ, քան մայրը: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ ընտանիքում միայն մայրը պետք է հոգ տանի երեխայի մասին, միայնակ նա պետք է կրի երեխայի դաստիարակության և խնամքի ամբողջ պատասխանատվությունը: Իհարկե ո՛չ:

Երեխան իր կյանքի առաջին ամիսներին ամբողջովին կախված է մայրական խնամքից: Դա շատ բնական երևույթ է, և այն հանդիպում է կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների մոտ նույնպես: Սակայն, ի տարբերություն այլ կենդանիների, մարդը, լինելով սոցիալական էակ, ձևավորում է ընտանիք, որի անդամներին բնորոշ է պարտականությունների իրավիճակային բաշխում:

Երբ ընտանիքում հայտնվում է երեխա, սիրող ամուսինն իր վրա է վերցնում երեխայի հետ կապված որոշ պարտականություններ: Որոշ դեպքերում՝ ամենօրյա աշխատանքը, հոգնածությունը և դրանից բխող սթրեսը կարող են նվազեցնել ամուսնու մասնակցությունը երեխայի խնամքին, բայց հաճախ ամուսնու վարքի վրա բացասական ազդեցություն է թողնում նաև կնոջ դիրքորոշումը: Քննարկենք մի քանի օրինակներ:

Ամուսինը վերադառնալով աշխատանքից՝ գրկում է խաղաղ պառկած երեխային, որից հետո երեխան սկսում է լաց լինել: Ի՞նչ է անում կինը. Իհա՛րկե, հանգստացնելու նպատակով՝ արագ վերցնում է երեխային:

Մեկ այլ օրինակ. երեխայի մոտ մրսածություն է: Հայրը կարծում է, որ զբոսանքն օգտակար կլինի երեխային, իսկ մայրը դեմ է, քանի որ դրսում ցուրտ է:

Իրականում, նման օրինակները բազմաթիվ են, և դրանք տղամարդու մոտ կարող են բացասական տրամադրվածության պատճառ հանդիսանալ. «Կինս ինձ չի վստահում», «նա մտածում է, որ ես ամեն ինչ սխալ եմ անում», «ես անպիտան եմ երեխայի խնամքի հարցում», և այլն: Նման մտքերը վանում են տղամարդուն երեխայի խնամքի և դաստիարակման գործընթացից:

Որպես կանոն, երեխայի խնամքից կանայք միտումնավոր չեն վանում հայրերին, սակայն, որոշ դեպքերում, կնոջ ենթագիտակցականը և նրա դիրքն ընտանիքում կարող են հանգեցնել վարքային այնպիսի դրսևորումների, որոնք վանող ազդեցություն են թողնում տղամարդու վրա:

Կինը, ով կասկածում է իր մայրական ունակություններին, հաճախ փորձում է սեփական կասկածները հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտումով: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով մերժում է ցանկացած օգնության առաջարկ:

Նման վարքն օգնում է կնոջը նաև ամրապնդել սեփական հեղինակությունն ընտանիքի ներսում՝ ստեղծելով ընտանիքի համար անփոխարինելի անձի կերպար: Արդյունքում՝ անփոխարինելի անձի կերպարն աստիճանաբար փոխակերպվում է չգնահատված կամ չսիրված կերպարով, և կինը սկսում է իրեն զգալ դժբախտ՝ չգիտակցելով, որ դժբախտության հիմքում սեփական սխալներն են:

Ի՞նչ անել, որպեսզի տղամարդն ավելի գործուն մասնակցություն ունենա երեխայի խնամքի և դաստիարակության հարցում: Առաջին հերթին՝ նրանց պետք է երեխայի հետ ինքնուրույն գործելու հնարավորություն տալ, քանի որ նրանք յուրօրինակ կերպով նույնպես կարող են հոգատարությամբ գուրգուրել փոքրիկին: Միգուցե հայրիկը խնամքի պարագաներն ավելի շատ քանակով օգտագործի, կամ հագուստի ընտության մեջ այնքան էլ ուշադիր չլինի գույների համընկնման հարցում, բայց դա չի նշանակում, որ հայրիկն արժանի չէ կամ չի կարողանում լիարժեք խնամակալի դեր կատարել:

Սիրելի մայրիկներ, մի մոռացեք, որ տղամարդկանց բնությունն այլ է, նրանք հակված են ավելի շատ պաշտպանելու, տվյալ իրավիճակում խնդրի լուծում գտնելու և անմիջապես դա բավարարելու: Եվ նրանց համար ամենևին էլ կարևոր չէ, թե փոքրիկին ինչ կհագցնեն, կարևոր է, որ նա մերկ չլինի և ապրի այն հանգստությունը, որը հայրիկն է ապրում:

Շատ կարևոր գործոն է նաև վստահության ձևավորումը հայրիկի նկատմամբ: Իսկ դա իրականանում է միան այն դեպքում, երբ մայրիկն իր մեջ ուժ գտնելով և իջեցնելով անհանգստության շեմը՝ վստահում է ամուսնուն և նորածին փոքրիկին իր բացակայության ժամանակ թողնում է նրա մոտ:

Ի դեպ, խրախուսվում է, երբ կինը ոչինչ չի վերահսկում, թե ինչը որքան պետք է պատրաստվի, երբ պետք է երեխան սնվի, ինչ հագնի, և այլն: Այդ վարքային մոտեցումն արդեն անվստահություն է, որը հայրիկին թույլ չի տալիս կենտրոնանալ երեխայի պահանջմունքները բավարարելու վրա: Նա մտովի բանավեճի մեջ է կնոջ վարքի և նրա պահանջների հետ:

Ներդաշնակ մթնոլորտը և չվերահսկվող վարքը հնարավորություն են տալիս գործել ինքնուրույն՝ բավականություն ստանալով սեփական գործողությունից: Իսկ բավականությունը հանգեցնում է հաճույքի առաջացմանը, և հայրիկը հաճույքով է սկսում մնալ երեխայի հետ միայնակ՝ առանց հոգնածության մասին մտածելու: Չէ՞ որ շատ հոգնեցուցիչ է հենց մայրիկի համար, որ երեխան ցանկանում է քնել միայն մայրիկի հետ, սնվել, խաղալ միայն մայրիկի միջամտությամբ: Ակամայից կինը սկսում է գերհոգնել և դժկամությամբ մտածել, թե ինչո՞ւ ամուսինը չի նկատում իր ծանրաբեռնվածությունը և չի ցանկանում օգնել:

Սիրելի կանայք, ամուսինների հետ դուք պետք է խոսեք այդ թեմայի շուրջ: Ասեք, որ ամեն բան ամեն օր նույն ծանրաբեռնվածությամբ կատարելով՝ դուք սպառվում եք, որից և սկսում է արթնանալ մեղադրող և զայրացնող տրամադրվածությունը: Նորաստեղծ շատ ընտանիքներ երեխայի ծնունդից հետո բախվում են նման խնդրի հետ, քանի որ փոխվում է կյանքի ռիթմը, կենսակերպը: Խոսեք միմյանց հետ, բաշխեք աշխատանքը, թույլ տվեք ամուսիններին, որ ինքնուրույն խնամեն երեխային: Միայն ժամանակ ներդնելով է գալիս այն գիտակցումը, որ երեխան թանկ և արժեքային շնորհ է: Հնարավորություն տվեք հայրիկներին ներգրավվել այդ հաճելի, դժվար և հոգսաշատ մթնոլորտի մեջ, մի վախեցեք դերային արժեզրկումից:

Սեփական վախերը հանգեցնում են ամենաթանկ կառույցի քայքայմանը՝ միմյանց չհասկանալու և չվստահելու պատճառով: Սիրելի կանայք, սիրելի ամուսիններ, ընտանիքում անձնային մակարդակ չկա, կա ՄԵՆՔ հասկացողություն, երբ անձնայինը սկսում է շահարկվել, ապա ընտանիքը գնում է դեպի կործանում: Ունեցեք ձեր աշխատանքը, ձեր զբաղվածությունը, ձեր նախասիրությունները, ձեր անձնային տեսակը, ընդունեք ձեր կողակցին այնպիսին, ինչպիսին նա կա, առանց սեփական կարծրատիպերը թելադրելու, և ընտանիքի ներսում եղեք միասնական ՄԵՆՔ-ի գիտակցմամբ և փայփայմամբ:

Ամուսնությունը պետք է լինի անվերջանալի փոխադարձ դաստիարակություն։

Ամիել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*