Ինչպես դաստիարակել ինքնուրույն երեխա

Հաճախ մեր երեխային ցանկանալով տեսնել ինքնուրույն՝ նրան ենթագիտակցաբար բաց չենք թողնում, քանի որ վախենում ենք երեխայի աչքերում արժեզրկել մեր դերն ու տեղը: Նման մոտեցումը համարվում է ծնողական էգոիզմի կպչունություն՝ ուղղված երեխայի անձի զարգացմանը: Մինչ ինքնուրույն երեխա դաստիարակելու հարցին անդրադառնալը, նախ պետք է ուսումնասիրենք ծնողի վարքային այն դրսևորումները, որոնք արհեստական կերպով երեխային դարձնում են թուլակամ և ոչ ինքնուրույն: Դրանք են.

Տագնապայնություն. երբ երեխան ֆիզիկապես հեռու է (կողքի սենյակում է, բակում կամ ընկերների հետ է):
Ամեն բան երեխայի փոխարեն անելու ցանկություն:
Երեխայի փոխարեն որոշումներ կայացնելու, խոսելու և խաղալու հակվածություն:
Այնպիսի պայմանների ստեղծում, որտեղ երեխան իրեն ապահով չի զգում (բացասական արտահայտություններ, վախերի և վտանգի ներշնչում, համոզմունքի ստեղծում, որ այս աշխարը շատ վտանգավոր է, և անհնար է առանց մեծահասակների գոյատևել):
Ավելորդ վախի արտահայտում. երբ անդադար անհանգստանում եք, թե հիմա երեխան կընկնի, կվնասի իրեն, և այլն:
Սրանք ծնողների կողմից դրսևորվող հիմնական արտահայտումներն են, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի երեխան հասունանա և դառնա ինքնուրույն անձ: Նման երեխաները շատ խոցելի են լինում, որոշումներ կայացնելու ունակությունից զուրկ են և միջավայրի նկատմամբ անինքնավստահ վարք են դրսևորում:

Անդրադառնանք այն հիմնական կետերին, որոնք հնարավորություն կտան ծնողին՝ շտկել իրենց մոտեցումները և դաստիարակել առողջ ինքնավստահությամբ, ինքնուրույն երեխաների:

1. Երեխայի գործունեությանը պետք է միջամտել միայն անհրաժեշտության դեպքում

Իրականում երեխաներն այնքան էլ անօգնական և թույլ չեն, ինչքան ծնողներն են նրանց համարում: Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները՝ սկսած երկու տարեկանից: Եթե նկատել եք՝ երեխան միշտ հակված է ամեն բան անել ինքնուրույն: Այդ մենք՝ ծնողներս ենք, նրա վարքը բնութագրում վտանգավոր՝ իրավիճակին փոխանցելով սեփական մտավախությունները, վախերը և նոր բան բացահայտելու ճանապարհին սահմանափակելով փոքրիկի ինքնառեալիզացումը: Հետևաբար՝ առաջարկեք երեխային ձեր օգնությունը՝ ըստ անհրաժեշտության: Հարցրեք, և, եթե ստանաք օգնության ընդունման դրական պատասխան, ապա շտապեք օգնել և ապահովել երեխայի բավարարվածությունը:

2. Ձերբազատվեք բացասական մեկնաբանություններից

Հաճախ երեխային ապահովագրելով վտանգներից, խոսքային մակարդակում հնչեցնում ենք բազմաթիվ արտահայտություններ, որոնք պարունակում են բացասական վերջաբան: Օրինակ. «Մի՛ վազիր՝ կընկնես», «Մի՛ ցատկիր՝ ոտքդ կկոտրես», և այլն: Եվ շատ հետաքրքիր կերպով, նման երեխաների հետ սկսում է կատարվել այն ամենը, ինչն ամեն օր ծնողը բարձրաձայնում և զգուշացնում էր: Նման զգուշացումներով մենք երեխային ներշնչում ենք անինքնավստահություն, և նա ցատկելիս այնքան անվստահ է ցատկում՝ հիշելով մայրիկի խոսքը, որ ընկնում և վնասում է իրեն:

3. Խթանեք երեխայի ինքնուրույնությունը

Մեր օրերում կատարյալ ծնող լինելու մղումով՝ ծնողներն ամեն բան անում են երեխայի փոխարեն՝ խոսում, խաղում, և այլն: Նման ծնողները հաճախ այցելում են հոգեբանին այն հարցով, որ իրենց երեխան երեք տարեկան է, սակայն դեռ չի խոսում, կամ ինչ-որ գործողություն չի կատարում: Իրականում երեխաների զարգացումն իրավիճակային է: Եվ եթե երեխան չունի ինքնազարգանալու խթանիչ, նա դա չի անում: Չէ՞ որ մայրիկը կամ հայրիկը նրա համար ստեղծել են դրախտային պայմաններ՝ իր փոխարեն խոսում են, խաղում են, խաղալիքն են տալիս: Որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնենք, հարկավոր է թողնել երեխային գործել ինքնուրույն՝ ինքնակամ չմիջամտել խաղին, մոտ գտնվող խաղալիքը չփոխանցել, չխոսել երեխայի փոխարեն, և այլն:

4. Կայուն մթնոլորտի ստեղծում

Կայունությունը տալիս է ապահովության զգացում: Եթե երեխան զգում է, որ ծնողի կյանքում չկա հստակ կայուն գործունեության իրականացում, և ամեն բան կախված է օրից, իրավիճակից, ապա նրա մոտ կառաջանան ինքնուրույն քայլեր կատարելու վախեր: Ոչ խիստ, սակայն որոշակի կարգ ու կանոնով ապրելը միայն նպաստում է երեխայի կայուն հոգեբանական զարգացմանը:

5. Երեխային վերաբերվեք՝ ձերբազատվելով սեփական պրոյեկցիաներից

Սովորեք երեխային վերաբերվել այնպիսին, ինչպիսին նա կա, այլ ոչ թե՝ այնպիսին, ինչպիսին դուք եք պատկերացնում, քանի որ պատկերացումը միշտ ճնշում է իրականությունը: Մենք՝ մեծահասակներս, ունենք արդեն իսկ ձևավորված և ընդունած արժեքներ, կարծրատիպեր, կյանքի սցենարներ, և ակամայից՝ դրանք փոխանցում ենք մեր երեխաներին: Իսկ երեխաները մեծանալով՝ փաստի առջև են կանգնում, և ստիպված են լինում հասուն տարիքում նորից սովորել ապրել արտաքին միջավայրում՝ ձեռք բերելով սեփական արժեհամակարգը, կյանքի սցենարները և կարծրատիպերը: Այս ամենից խուսափելու համար փոքր հասակից անհրաժեշտ է երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Ընդունել նրա մոտեցումները և, արդեն այդ տարիքից, թույլ տալ ձևավորել իր՝ կյանքին վերաբերվելու առանձնահատկությունները:

Լավ երեխա մեծացնելու ամենաարդյունավետ միջոցը նրան երջանիկ դարձնելն է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*