Ինչպե՞ս է հավաքվելու Ռոբերտ Քոչարյանի ազատության գրավը | HAVASTI.info

Ինչպե՞ս է հավաքվելու Ռոբերտ Քոչարյանի ազատության գրավը

ՀՀ վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Դատարանը սահմանեց ՀՀ պատմության մեջ աննախադեպ գրավի չափ՝ 2 մլրդ դրամ:

Ինչ խոսք, գումարի չափը շատ խնդրահարույց է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների հաշիվների վրա կալանք է դրված: Նկատենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ, երբ նորից քննվում էր գրավի միջնորդություն, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ քանի որ իր հաշիվները սառեցված են, ինքը ստիպված է պարտքով վերցնել այդ գումարը:

«Ես երբեք պարտք չեմ արել, դա իմ տեսակը չէ», -ասել էր երկրորդ նախագահը:

Այս ամենն ի մի բերելով կարելի էր ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես կհրաժարվի գրավի վճարումից՝ շարունակելով մնալ անազատության մեջ, բայց այս դեպքում արդեն դատարանի արձանագրմամբ, որ նրա կողմից գործին միջամտելու և խոչըդոտելու ռսիկ գոյություն չունի:

Ստեղծված իրավիճակը, սակայն հետաքրքիր զարգացումներ առաջ բերեց: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ որոշման հրապարակումից անմիջապես հետո ստացել են զանգեր և նամակներ հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։

«Տեղեկացնեմ նաև, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում։ Նախագահ Քոչարյանի, նրա ընտանիքի և պաշտոնաթող Նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով աջակցում է մեզ՝ անկախ պատեհությունից ու քաղաքական վայրիվերումներից», ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, սոցիալական հարթակներում էլ յուրատեսակ ֆլեշմոբ սկսվեց, տարբեր օգտատերեր տեղադրում են վճարման կտրոնը, #հանունարդարության #հանուն_հայաստանի_հանրապետության,  #Քոչարյանիհետեմ հեշթեգերով: Մարդիկ գումար են փոխանցում Վերաքննիչ քրեական դատարան 900023292015 դեպոզիտային հաշվին՝ նպատակի դաշտում ավելացնելով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Իրավիճակն այնքանով է հետաքրքիր, որ բացահայտում է ըստ էության այն, ինչի մասին խոսում էին ամիսներ շարունակ տարբեր քաղաքական գործիչներ, մշակութային, հասարակական հայտնի անձինք, ովքեր հայտարարում էին, որ սա ոչ թե համախմբում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ, այլ համախմբում է անարդարության դեմ և հանուն ՀՀ երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի:

Վստահաբար գումար փոխանցողների մեջ կլինեն ընկերներ, բարեկամներ, գործարարներ, որոնց մեծ մասը հարստացել և որպես բիզնեսմեններ կայացել են հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին՝ նախագահ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում: Բայց քիչ չեն լինի նաև այն մադրիկ, ովքեր պարզապես ականտես են լինում անարդարության Հայաստանի ու Արցախի պետական ինստիտուտի նկատմամբ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *