«Ինձ միշտ թվում էր, թե շատ գեղեցիկ եմ ու ոչ մի թերություն չունեմ». Էլեն Ազնավուրյանի հմայքի ու ինքնավստահության գաղտնիքները

«Պատվից առավել» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Էլեն Ազնավուրյանն իրեն ինքնավստահ ու նպատակասլաց է համարում: 168 սմ հասակ ունեցող աղջիկը բացի դերասանական կարիերայից՝ հաճախ ներկայանում է նաեւ՝ որպես ֆոտոմոդել, թեեւ ասում է՝ մոդելինգով զբաղվելու մասին ժամանակին չի էլ մտածել, ու, առհասարակ, նշում է, որ անգամ, երբ վստահ է, որ 99%-ով մի բան անհնար է, միշտ գնում է մնացած 1%-ի հետեւից:

NEWS.am STYLE-ը «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում զրուցել է Էլենի հետ՝ պարզելու, թե որոնք է ինքը՝ դերասանուհին, համարում իր հմայքի ամենաակնհայտ կողմերն ու արդյոք երբեւէ ունեցե՞լ է բարդույթներ արտաքինի ու ինքնավստահության հետ կապված:

Էլենը վերհիշեց, որ մանկության տարիքից սկսած հաճախ է լսել հաճոյախոսություններ, ինչն էլ, թերեւս, ձեւավորել է դերասանուհու ընկալումն ինքն իր հանդեպ.

«Շատ պարզ հիշում եմ ինձ մանկության տարիքում. միշտ ուշադրության կենտրոնում եմ եղել՝ թե´ բարեկամներիս, թե´ ընկերներիս կողմից: Ինձ միշտ թվում էր, թե շատ գեղեցիկ եմ ու ոչ մի թերություն չունեմ. երեւի դա ինձ շրջապատող մարդկանցից էր գալիս, որոնք ինձ շատ էին սիրում ու միշտ գովաբանում էին: Բայց դե, երբ մեծանում ես, նոր ես հասկանում, որ այդ կոմպլիմենտները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը (ծիծաղում է)»:

Վերջերս դերասանուհին կատարել է քթի վիրահատություն, սակայն նշում է, որ դա չի եղել բարդույթի հետեւանք.

«Քթիս հետ կապված ոչ մի բարդույթ չեմ ունեցել, պարզապես, երկար ժամանակ առողջական խնդիրներ եմ ունեցել, որոնք պարզվեց՝ գալիս են վատ շնչառությունից, դրա համար որոշեցի վիրահատել այն»:

Անդրադառնալով արտաքին ու ներքին փոփոխությունների փոխկապակցվածությանը՝ Էլենը նշում է.

«Յուրաքանչյուրի մոտ այդ պրոցեսը տարբեր է, բայց կան արտաքին փոփոխություններ, որոնց ներքուստ պիտի պատրաստ լինես: Մարդիկ կան, որոնք արտաքին փոփոխությունների շնորհիվ են կարողանում ներքին փոփոխության գնալ, բայց իմ դեպքում հակառակն է (ժպտում է): Ես պետք է տրամադրվեմ, հետո որոշեմ՝ ինչ նոր փոփոխություն անել»:

Նա նաեւ հավելում է.

«Արտաքին փոփոխություններ հազվադեպ եմ անում, բայց անելուց դրանք շատ կտրուկ են լինում: Ինձ դրա համար որեւէ պատճառ պետք չէ, ուղղակի մի օր որոշում եմ, որ, օրինակ, սանրվածքս պետք է փոխեմ, ու այդպես էլ անում եմ»:

Ինչ վերաբերում է ինքնավստահությանը՝ դերասանուհու կարծիքով՝ այն տարիների ընթացքում է ձեւավորվում.

«Ես ինձ ինքնավստահ համարում եմ: Եթե այդպիսին չլինեի, երեւի շատ բաներ, որոնք արել եմ, չէի անի: Ինքնավստահությունը ժամանակի ընթացքում է ձեւավորվում, բայց ամեն քայլ անելուց առաջ պիտի նախ վստահ լինես ինքդ քո ուժերի վրա: Անգամ, եթե կարծում ես, որ տվյալ բանը 99%-ով հնարավոր չէ, չպիտի ձեռքիցդ բաց թողնես այդ 1%-ը: Պիտի սիրես ինքդ քեզ, գտնես հոգուդ ներդաշնակությունը ու փորձես ազատվել քո վախերից»:

Էլենը դժվարացավ նշել, թե արտաքին ու ներքին որ հատկանիշներն է համարում իր մեջ ամենագեղեցիկը, բայց փորձեց առաջնորդվել շրջապատի կարծիքով.

«Դժվար է այս հարցին պատասխանելը: Երեւի՝ շրջապատիս մարդիկ ավելի լավ կարող են նկատել դա, ու հենց նրանց կարծիքին հենվելով էլ ինքս կպատասխանեմ… Առաջինը կնշեմ այն, որ, նույնիսկ, կարճ զրույցների ժամանակ դիմացինիս տհաճություն չեմ պատճառում: Դա էլ կարող է գեղեցկացնել մարդուն: Ինչո՞ւ ոչ՝ ինձ արտաքնապես էլ եմ գեղեցիկ համարում, միշտ հաճելի կոմպլիմենտներ եմ ստանում»:

Տարեսկզբին Էլենը բացահայտեց, որ ունի ընտրյալ, սիրում է ու երջանիկ է: Հարցին՝ որքանո՞վ է այդ սերն իրեն փոխել, դերասանուհին պատասխանեց.

«Ինքս իմ հանդեպ վերաբերմունքս չեմ փոխել, պարզապես հիմա ինձ ավելի սիրված եմ զգում»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*