ԵՄ գագաթնաժողովին Մակրոնը կորցրել է համբերությունը, իսկ Նիդերլանդների վարչապետի և երեք գործիչների միջև վեճ է սկսվել

Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում, որտեղ պետք է քննարկվեին 2021-2027 թվականների բյուջեի ծրագրի ձևավորման ու կորոնավիրուսից հետո միության տնտեսության վերականգնման ֆոնդի հարցերը, եվրոպական երկրների առաջնորդները միմյանց հասցեին հնչեցնում էին քննադատություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով կորցրել էր համբերությունը և բռունցքներով հարվածել սեղանին, գրում են բրիտանական ԶԼՄ-ները:
     Երեք օր շարունակվող բանակցությունների ամենաթեժ վեճերը տեղի են ունեցել հանգստյան օրերի ընթացքում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեին անձնական թշնամանքի և ֆինանսական օգնությունը՝ քաղաքական հարցերի հետ կապելու փորձի մեջ: Նիդերլանդները հանդես է գալիս հիմնադրամում սուբսիդիաների և վարկերի բաշխման ավելի քիչ տարբերակի օգտին և պնդում, որ օգնության փաթեթում սուբսիդիաների մասնաբաժինը պետք է սահմանափակ լինի: Ըստ Euronews-ի՝ Նիդերլանդներին աջակցում են Շվեդիան, Դանիան և Ավստրիան: Գագաթնաժողովին նրանց խմբին է միացել նաև Ֆինլանդիան: Այս երկրները հայտարարել են, որ սուբսիդավորման գումարը չպետք է գերազանցի 375 միլիարդ եվրոն, գրում է Bloomberg-ը:
     Բուլղարիայի ղեկավար Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ Ռուտեն իրեն պահում է «Եվրոպայում ոստիկանի պես»:
     Ռուտեին նաև քննադատել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
     Ըստ BBC News-ի՝ Էմանուել Մակրոնը երկուշաբթի առավոտյան բռունցքներով հարվածել է սեղանին և սպառնացել, որ Ֆրանսիան կլքի բանակցությունները: Նախօրեին նա քննադատել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, ով հեռացել է հանդիպումների սենյակից, որպեսզի պատասխանի հեռախոսազանգին։ Մակրոնը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի գործողությունները համեմատել է Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի գործողությունների հետ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*