«Եթե պատրաստվում եք Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչել, պետք է լուրջ աշխատանք տանեք ԵԺԿ-ում». Հովսեփ Խուրշուդյան | HAVASTI.info

«Եթե պատրաստվում եք Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչել, պետք է լուրջ աշխատանք տանեք ԵԺԿ-ում». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դոնալդ Տուսկի աղմկահարույց գրառումըթվիթերի իր էջում, որում նա կոչ է անում ՀՀ իշխանություններին դադարեցնել ճնշումները ընդդիմության հանդեպ, պետք չէ գերագնահատել, բայց նաև չի կարելի թերագնահատել: Հուսով եմ՝ իշխանությունները հասկանում են Եվրոպական Միությունում իշխող կուսակցության ներսում իրենց իմիջը որքան կարևոր է ու նաև թե ինչ մտահոգիչ մակարդակի վրա է այն այժմ գտնվում: Ու խոսքը միայն Տուսկին չի վերաբերում, թեև միայն նա էլ որ լիներ՝ արդեն մտահոգվելու տեղիք պետք է տար, բայց իր պես այսօր ԵԺԿ վերնախավի մեծ մասն է մտածում և դրա վրա երկար ժամանակ աշխատում են հանրապետականները, իսկ միջնորդավորված՝ նաև Միքայել Մինասյանը: Եվ աշխատում են ջանասիրաբար: Այն անեկդոտը հիշո՞ւմ եք. «Берегите евреев: покончат с евреями – возмутся за нас»: Հիմա ՀՀԿ-ն ամեն բան անելու է Ծառուկյանին ու ԲՀԿ-ին փրկելու համար, քանի որ եթե բարգավաճողներին հնարավոր եղավ լիարժեք պատասխանատվության կանչել, իրենք հո լավ գիտեն, թե հաջորդն ով է լինելու:

Այո, այս կամ այն կառավարության հանդեպ դիրքորոշում ձևավորելիս ԵՄ-ում կարևոր դեր է խաղում այդ կառավարության ժողովրդավար լինելու մակարդակը: Բայց միայն դա չէ: Անձնական կապերը, շփումները, իրականությունը ճիշտ ներկայացնելը՝ տեղ հասցնելը պակաս կարևոր չեն: Հենց միայն այն թելերը, որոնցով Հայաստանի այսօրվա ռեւանշիստները կապված են Կրեմլի հետ, եթե ԵԺԿ-ում ճիշտ ու մանրամասն ներկայացվեր՝ ինչ ասես արժեր: Կամ ՀՀԿ-ի կողմից իր պրոքսիների միջոցով Հայաստանով տարածվող այլատյացությունը և դավադրապաշտությունը: Խորհրդարանական և ժողովրդական դիվանագիտությունը նուրբ և բարդ արվեստ է: Երբեմն անգամ ավելի մեծ հմտություններ պահանջող, քան պաշտոնական դիվանագիտությունն է: Քանի որ վերջինում պրոտոկոլները, հուշող ուղեցույցները շատ են, իսկ առաջինների դեպքում նաև կրեատիվությունը պետք է ունենաս ու ջանասիրություն դրսեւորես, այն էլ՝ հետևողական:

Ես եղել եմ ԵԺԿ-ում՝ «Ժառանգության» պետվիրակների թվում և մասնակցել եմ ԵԺԿ տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համագումարին: Պետք է ասեմ, որ մենք շատ դժվարությամբ էինք դիմակայում Հայաստանի նախկին ՀՀԿ-ական իշխանությունների քարոզչությանը և աշխատանքին այդ կառույցում: Ու պատճառը շատ տրիվիալ էր՝ ռեսուրսների պակասը: Մենք ֆիզիկապես չէինք կարողանում անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացնել ԵԺԿ բոլոր հրավերները ընդունելու և դրանց մասնակցելու համար: Իսկ ԵԺԿ-ն, ի տարբերություն եվրոպական շատ այլ կուսակցությունների, ոչ մի ծախս չի հոգում և թողնում է դրանք անդամների ու դիտորդ-անդամների (ինչպիսիք են «ժառանգությունն» ու ՀՀԿ-ն) վրա: Պատահական չէ, որ ՀՀԿ-ն ամեն բան արեց կուսակցությունների ֆինանսավորումը մի լումա անգամ չավելացնելու համար, թեև նման հորդորներ այն ժամանակ հնչում էին ոչ միայն ընդդիմությունից, այլև միջազգային, եվրոպական կառույցներից:

Ու մենք ստիպված մասնակցում էինք միայն այն միջոցառումներին, որտեղ Հայաստանի համար առանցքային հարցեր էին քննարկվում, կամ հնարավորություն կար դրանք մտցնել օրակարգ: Էլ ուր մնաց, որ ինքներս ինչ-որ միջոցառումներ կազմակերպեինք ու ԵԺԿ-ից մարդիկ հրավիրեինք: Ու մեզ մնում էր ընդամենը ամեն առիթ օգտագործել ՀՀԿ-ին և նրանց իշխանությանը անխնա քննադատության ենթարկելու համար, ինչից իրենք անչափ նեղվում էին, թե բա՝ «առիթը բաց չեք թողնում մեզ վրա թույն թափելու»: Իսկ թե որքան կարևոր դեր ունի ԵԺԿ-ն ԵՄ-ում, ես չէ որ պետք է ասեմ: Այդ հարթակը Հայաստանի համար նաև հատկապես արժեքավոր է նրանով, որ այնտեղ չկան Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներ: Ու երբ թուրքական ու ադրբեջանական ուղղություններով գործ անել էր պետք լինում՝ Ժառանգությունը ՀՀԿ-ի հետ իր ուժերը մեկտեղում էր ու լավ արդյունքի էինք հասնում:

Ամեն դեպքում, ասածս այն է, որ ներկայիս իշխանությունները պետք է աշխատեն ԵԺԿ-ի հետ: Դա, իհարկե, ավելի հեշտ կլիներ, եթե ՔՊ-ն դառնար ԵԺԿ երրորդ դիտորդ-անդամը Հայաստանից: Բայց անգամ առանց դրա հնարավոր է այդ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ տանել: Ուղղակի համապատասխան որակներ ունեցող մարդիկ են պետք, դրան ժամանակ ու ռեսուրսներ է պետք տրամադրել: Հիմա շատ չմանրամասնեմ մեթոդաբանությունը. ՔՊ-ից ում պետք է թող հարցնի՝ որոշ բաներ pm կգրեմ, կամ կպատմեմ: Ի դեպ, խորհրդարանական դիվանագիտության գծով «Ժառանգությունում» ինձնից էլ ակտիվ Ստյոպա Սաֆարյանն էր զբաղվում, իրենից էլ կարող եք հարցնել: Բայց բացի տեխնոլոգիաներից, որոնք ՔՊ-ն ինքը կարող է և պետք է կիրառի, ամենաարդյունավետ գործունեությունը ԵԺԿ-ում, իմ կարծիքով, կարող է ծավալել Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե վերջապես ստացվի նրա համագործակցությունը գործող իշխանության հետ: Ոչ միայն այն մեծ հեղինակության շնորհիվ, որ նա վայելում է այնտեղ, այլ նաև իր դիվանագիտական կարողությունների շնորհիվ:
     Նրան հետևողական անտեսելը Նիկոլ Փաշինյանի կողմից մի տեսակ անլուրջ է պետական նման բարձրաստիճան պաշտոնյայի համար, ով պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-ինչ վերապահումներով (չնայած ինչ վերապահում պետք է ունենար Նիկոլը Րաֆֆու հանդեպ, ով ամեն ինչում միայն աջակցել է նրան), այլ պետական շահերով, որոնք պահանջում են նման ռեսուրսների ներգրավում: Ու հիմա որ ոմանք մեղադրում են Րաֆֆուն, որ վերջին տեսակոնֆերանսում ավելի հեղափոխամետ ելույթ չի ունեցել, ես ուզում եմ հարց տալ այդ մարդկանց: Երբ Րաֆֆին ամեն անգամ ԵԺԿ մեկնելիս հանդիպում է այնտեղի վերնախավին, ներկայացնում, գովում է հեղափոխությունը ու բարեփոխումները ու իրեն հարցնում են, «իսկ Նիկոլի հետ հանդիպե՞լ, խոսե՞լ ես, այս կամ այն հարցը քննարկե՞լ ես»՝ ի՞նչ պատասխանի: Հո չի՞ ասելու՝ «Նիկոլը անհայտ պատճառներով ինձ հետ չի խոսում»: Այնպես որ բավարարվեք նրանով, որ բացի արցախյան օրակարգից, որը նա ավանդաբար բարձրացրել է ԵԺԿ-ում, նա այս անգամ նաև ասել է, որ բոլոր ընտրակեղծարարները պետք է պատասխանատվություն կրեն: Կոնտեքստի մեջ ուղերձը, կարծում եմ, հստակ է։

Ու ՔՊ-ի երիտասարդ պատգամավորների խրոխտ հեղափոխական ելույթներով ԵԺԿ-ի վերնախավի դեպքում բանը գլուխ չի գա: Նման ելույթները, իհարկե, լավ են, բայց շատ քիչ են: Այնտեղ մտերմիկ հարաբերություններ հաստատելու ունակ մարդիկ են պետք, համապատասխան էրուդիցիա ու համակրանք առաջացնելու կարողություն ունեցող: Այդ առումով Աշոտյանը ՀՀԿ-ի համար գտածո էր, իհարկե. ես հո լավ գիտեմ, թե ինչեր էր այնտեղ անում, ու մինչև հիմա էլ հենց ինքն է այդ գործը անում, մանավանդ որ ֆինանսաների սահմանափակում, որքան հասկանում եմ, չունի:

Այնպես որ, եթե, իրոք, պատրաստվում եք Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչել իր հանցանքների համար, պետք է լուրջ աշխատանք տանեք ԵԺԿ-ում: Չեք ուզում այլ ուժերի հետ համագործակցել (դե դուք մի այլ կարգի ինքնաբավ եք ու ամենակարող)՝ գոնե ձեր ունեցածների՛ն կրթեք, թրենինգնե՛ր կազմակերպեք, սեմինարնե՛ր, թող հանդիպե՛ն իմացող, փորձառու մարդկանց հետ խորհուրդ հարցնեն: Ամոթ բան չկա դրա մեջ, պետական շահն է դա պահանջում: Թող մտնեն ԵԺԿ կայք (հղումը՝ մեկնաբանությանս մեջ), այդ կազմակերպության կառուցվածքը մանրամասն ուսումնասիրեն, դրա առանցքային պաշտոնյաների հետագիծը, կապերը ուսումնասիրեն. Դա լուրջ հետազոտական, եթե կուզեք՝ հետախուզական աշխատանք է պահանջում: Այդտեղ օգտակար կլինեն եվրոպական տարբեր երկրներում մեր դեսպանատների տեղեկանքները. պատվիրեք, թող տան: Նաև սփյուռքահայությունից ինֆո հայցեք:

Տուսկի թվիթերյան գրառումը զանգ էր: Փոքր, բայց կարևոր: Դա ԵԺԿ-ում Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ ստեղծված մթնոլորտի արտացոլանք էր, որը անմիջականորեն ազդում է եվրոպական մյուս կառույցների վրա՝ Եվրոհանձնաժողովից մինչև Եվրոպական խորհրդարան: Իհարկե, ՍԵՊԱ-ն, որի շրջանակներում կառուցվում են Հայաստան-ԵՄ մերօրյա հարաբերությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերը ոչ ոք չի չեղարկել, ու հանուն Սերժ Սարգսյանի, ու, առավելևս՝ Գագիկ Ծառուկյանի, ԵՄ-ն երբեք հարաբերություններ չի վատացնի Հայաստանի հետ: Բայց խորհրդարանական դիվանագիտության անհատական աշխատանքներում թերացումները կարող են որոշակի գին արժենալ Հայաստանին: Ամեն թերացում իր գինն ունի, չափելի թե՛ ֆինանսապես և թե՛ անվտանգության տեսանկյունից: Այսպես, օրինակ, Եվրոպարլամենտի երեք պատգամավորների՝ Հայաստանի շահերի դեմ ուղղված վերջին դեմարշի արմատները միայն ադրբեջանական լոբբինգի մեջ փնտրելը թերի է. այն սնվում է նաև ԵԺԿ-ում առկա նկարագրածս մթնոլորտից և այդ կառույցում ՔՊ-ի՝ Հայաստանի ներկայիս իշխանության ոչ շատ բարձր հեղինակության հետևանքներից է:

Գո՛րծ արեք, տիկնայք և պարոնայք, աղջիկներ և տղաներ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *