Դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը. «Իմ քայլ»-ի նախագիծը պատրաստ է | HAVASTI.info

Դադարեցնել ՍԴ նախագահի և 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների պաշտոնավարումը. «Իմ քայլ»-ի նախագիծը պատրաստ է

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 տասնյակից ավել պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է փոփոխության է ենթարկել Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը:

Նախատեսում է, դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Առաջարկվում է ներքոնշյալ փոփոխությունը.

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Նախագծի հիմնավորմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ ընդունման դեպքում ՍԴ-ից կհեռանան 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *