«Գրավն ի զորու չէ կանխել, չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են պարոն Քոչարյանից». Տիգրան Եգորյան

Այսօր Վերքաննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ այդ որոշումը էական թերություն է պարունակում և բարձրաձայնեց պատճառներից մեկը, թե ինչու չպետք է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Հիմնավորելով խոսքը՝ փաստաբանը նշեց, որ գրավն ի զորու չէ կանխել, չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են Ռ․ Քոչարյանից: «Հարցը գրավի էֆեկտիվության հետ է կապված. խոսքը քննությանը խոչընդոտելու մասին է: Շատ կարևոր է այդ խոչընդոտի դրսևորման բացահայտման կապակցությամբ պիտանի և արդյունավետ մեխանիզմի բացակայությունը: Այսինքն՝ անձի նկատմամբ իր համաձայնությամբ կամ ոչ համաձայնությամբ, սահմանել հսկողություն: Այս միջոցառումները միտված են ազատության մեջ գտնվելու ժամանակ վերահսկելու նրա այն գործողությունները, որոնք կարող են կապված լինել քննությունը խոչընդոտելու կամ քննության վրա ազդելու հետ: Ցավոք, էսպիսի ինստիտուտ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում, էսպիսի հնարավորություն չկա և գրավի կիրառման դեպքում որևէ վերահսկողություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հնարավոր չի իրականացնել: Հետևաբար, գրավի կիրառումն այս դեպքում ի զորու չի լինելու հաղթահարել ռիսկը»,- մանրամասնեց Եգորյանը:

Հակադարձելով Տ. Եգորյանին՝ Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ հարցի հետ կապված եթե անգամ որևէ ռիսկ կա, ապա դատարանն իրավասու է տեղեկանալ Քոչարյանի յուրաքանչյուր շարժի մասին. «Եթե դատարանն ուզի իմանալ, թե Ռ. Քոչարյանն ում հետ է հանդիպել, դա կարող է անել և պարտավոր է լինել պատասխանատու: Ամբողջ շարժը ցուցակագրվում է: Եթե, օրինակ, հիմնավոր կասկածներ լինեն մեղադրողի կողմից, ո՞վ ասաց, որ դատարանն իրավասու չէ ԱԱԾ-ից այդ շարժի մասին տեղեկանալ, և ո՞վ ասաց, որ ԱԱԾ-ն իրավունք կունենա դատարանին այդ տեղեկությունը չտալ»,- ասաց Ալումյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*