Գիտե՞ք, թե ինչ գրիչներով են գրում տիեզերքում | HAVASTI.info

Գիտե՞ք, թե ինչ գրիչներով են գրում տիեզերքում

Ինչո՞վ կարելի է գրել անկշռության պայմաններում: Ոչ վաղ անցյալում շրջանառվում էր կատակ, որ «Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարներ է ծախսել, որպեսզի ստեղծի գրիչ տիեզերական անկշռելիության պայմաններում գրելու համար, իսկ ռուսները պարզապես սկսել են գրել մատիտներով»: Իհարկե, իրականությունը տարբերվում է գեղարվեստականից, բայց այդ ամենի մեջ որոշակի ճշմարտություն առկա է: 

Մինչև անցյալ դարի 60-ականների կեսերը ԽՍՀՄ տիեզերագնացները անկշռելիության պայմաններում գրելու համար օգտագործել են մատիտներ, բայց ամերիկացիները նույնպես այդ ժամանակ օգտագործել են մատիտ և ֆլոմաստեր: Սակայն գրելու այդ գործիքները լիովին չեն բավարարել օգտագործողներին: 

Ի վերջո, ամերիկացի գիտնական Պոլ Ֆիշերը որոշել է ստեղծել անկշռելիության պայմաններում գրող գրիչ՝ տիեզերական գրիչ: Պոլը ծնվել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգում հոգևորականի ընտանիքում, իսկ 1913 թվականին՝ 35 տարեկան հասակում, հիմնել է սեփական գործը, իսկ ավելի կոնկրետ՝ «Ֆիշերի գրիչ» ընկերությունը: 

Առաջին արտադրանքը, որով Ֆիշերը հաջողության է հասել շուկայում, եղել է «Bullet Pen» քրոմապատ գրիչը: Շնորհիվ իր էրգոնոմիկայի, ինչը իսկապես դուր է եկել օգտվողներին, այդ գրիչը դարձել է պահանջված և անգամ ներկայումս էլ լավ վաճառվում է: 

1961 թվականին Յուրի Գագարինի տիեզերք թռչելը առաջացրել է բուռն արձագանք ամբողջ աշխարհում, և համաշխարհային այդ իրադարձությունը մտահղացում է առաջացրել Պոլ Ֆիշերի մոտ: 

Հասկանալով, որ ժամանակի ընթացքում մարդկությունը այնպիսի իրի կարիք կունենա, ինչպիսին է անկշռելիության մեջ գրող գրիչը, նրա ընկերությունն սկսել է հետազոտություններ իրականացնել այդ ոլորտում: Արդյունքում ստեղծվել է գազային մխոց ունեցող միջուկով գրիչ: 

Դրանով կարելի է նույնիսկ գլխիվայր գրել, գրիչը այդ դեպքում էլ է գրում: Երեք տարվա փորձերի արդյունքը եղել է այն, որ թանաքը փոխարինվել է տիքսոտրոպային ժելեով, որը հատկություն ունի չորանալ, եթե երկար ժամանակ գրիչով չեն գրում: Ֆիշերն իր տիեզերական գրիչի վերջնական տարբերակը ստեղծել և արտոնագրել է 1966 թվականին: Այն փորձարկվել է Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունում: Տիեզերական գրիչն ընդունվել է և համարվել է պիտանի տիեզերագնացների օգտագործման համար: 

Այնուամենայնիվ, չնայած այդ գրիչի ստեղծման համար իրականացրած հսկայական ծախսերին և աշխատանքին, այն Ֆիշերին սկզբում մեծ եկամուտ չի բերել: NASA- ն պատվիրել է ընդհանուր առմամբ 400 միավոր տիեզերական գրիչ՝ յուրաքանչյուրի համար վճարելով վեց դոլար: Նման գրիչների ևս 100 օրինակ և 1000 միջուկ գնվել է 1969 թվականին ԽՍՀՄ-ի կողմից: 

Բայց այդ ամենից մեծ օգուտներ է քաղել «Ֆիշերի գրիչ» ընկերությունը, որը, գովազդում օգտագործելով այդ փաստը, սկսել է մեծ եկամուտներ ստանալ: Ֆիշերի տիեզերական գրիչները օգտագործվել են «Միր» կայանում, ինչպես նաև «Սոյուզ» տիեզերանավերում: Այդ ամենը Պոլ Ֆիշերին հսկայական ճանաչում և, որպես արդյունք, հարստություն է բերել: Տիեզերական գրիչները արտադրվում են նաև հիմա, և յուրաքանչյուր ոք կարող է այն գնել՝ վճարելով ընդամենը քառասուն դոլար: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *