Գագիկ Ծառուկյանը ՌԴ իշխանություններին տրամադրում է Փաշինյանի դեմ` Հայաստանում հեղաշրջում, նոր Հոկտեմբերի 27 կազմակերպելու համար

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վերջին շրջանում Հայաստանում տեղի է ունենում հայ-ռուսական տրամադրությունների արհեստական սրացում: Նրա խոսքով՝ դա արվում է հակապետական ու հակահայկական ուժերի ակտիվ ջանքերով, և ինքը կանի ամեն ինչ՝ կանխելու, իր իսկ խոսքերով ասած, հակառուսական տրամադրություններին նպատակուղղված սադրանքները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց՝ այդ հայտարարության նպատակն է ներքաղաքական պայքարի մեջ ներքաշել Ռուսաստանը և օգտագործել ռուսական գործոնը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար. «Ես`որպես մարդ, որը մեծ արժանիքներ ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում, մարդ, որը միշտ զբաղվել է այդ հարցով, հիմա հայտարարում եմ՝ ռուս ժողովուրդը պետք է իմանա, որ շատ կեղտոտ խաղ է սկսվում: Այդ մութ ուժերը, ռևանշիստները փորձում են Ռուսաստանը ներքաշել Նիկոլ Փաշինյանի հետ առճակատման դաշտ ու դրանով իսկ հասնել Փաշինյանի տապալմանը»:

Մեր այն դիտարկմանը, թե, ինչպես միշտ, ընդդիմությունը «դրսից տղա բերելու» քաղաքականություն է վարում, Հովհաննիսյանն ասաց. «Այսպիսի բան չի եղել, միշտ այսպես չի եղել: Սա բացահայտ հայտարարություն է իրեն ընդդիմության լիդեր հռչակած, բայց իրականում քրեական հանցագործի ուղիղ դիմումն է Ռուսաստանին 18-րդ կարմիր բանակ ուղարկելու ակնկալիքով»:

Մեր հաջորդ հարցին՝ կա՞ն իսկապես մեր երկրում հակառուսական տրամադրություններ, քաղաքագետը պատասխանեց. «Չի կարող այնպես լինել, որ որևէ երկրում չլինեն ինչ-որ խմբեր կամ խմբավորումներ, որոնք քննադատաբար կարող են վերաբերվել Հայաստանի գործընկերներին, նաև՝ Ռուսաստանին: Բելառուսում, որը Ռուսաստանի բարեկամ երկիրն է, նաև Ռուսաստանի հետ ընդհանուր միության մեջ են, նույնպես կան խմբավորումներ, որոնք հակառուսական վարքագիծ ու տրամադրություններ ունեն: Բայց դա չի նշանակում, որ այդ տրամադրությունները գերիշխում են:

Ինչպես Բելառուսում, այնպես էլ Հայաստանում դրանք մարգինալացված խմբերի տրամադրություններ են, որոնք արտացոլում ունեն առանձին քաղաքական գործիչների ելույթներում, բայց հասարակության ներսում մարգինալ բնույթի են: Սա քաղաքագիտական օրինաչափություն է, դեմոկրատական երկրներում կա կարծիքների պլյուրալիզմ, ու միշտ էլ կան դոմինանտ, պետական քաղաքականությանը քննադատաբար արձագանքող խմբեր, և այդ խմբերը քանի որ կան, կան նաև քաղաքական գործիչներ, որոնք այդ տրամադրություններն արտահայտում են: Բայց հակառուսականությունը պետական քաղաքականություն չէ, և դա ակնհայտ է: Իշխող մեծամասնությունը հակառուսական դիրքորոշումներ չի որդեգրել»:

Հմայակ Հովհաննիսյանը հիշեցնում է՝ ժամանակին Հրանտ Բագրատյանը մտել էր կոշտ առճակատման մեջ Խորհրդային Միության հերոս, Վետերանների միության նախագահ, գեներալ Աշոտ Վաղարշակիչ Ղազարյանի հետ, որը Հաղթանակի շքերթի 40-ամյակի ժամանակ գլխավորում էր Խորհրդային Միության հերոսների շարասյունը, կրտսեր լեյտենանտի կարգավիճակով 19 տարեկանում Խորհրդային Միության հերոսի կոչում էր ստացել, իսկ Հրանտ Բագրատյանը, լինելով վարչապետ, նրա հետ առճակատման մեջ էր, որ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը որպես պետական տոն չնշվի:

«Վաուչերային սեփականաշնորհման հեղինակ Բագրատյանն այսօր դիմում է մոսկվաներին ու լուտանքեր թափում Նիկոլ Փաշինյանի գլխին ու ձայնակցում այդ նույն Դոդի Գագոյին ու այն ուժերին, որոնք ՌԴ իշխանություններին, ՌԴ նախագահին փորձում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դա անում են՝ ստանալու կանաչ լույս Հայաստանում հեղաշրջում, սպանություններ, Հոկտեմբերի 27-ի նման հայոց պետականության գլխատում կազմակերպելու նպատակով»,- նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ ուժերը փորձում են թունավորել հայ-ռուսական հարաբերությունները, ժողովուրդների միջև թշնամանք առաջացնել, իսկ իշխանությունների մոտ՝ անվստահություն. «Ոնց որ Գագիկ Ծառուկյանը բռնաբարել էր երկու ռուս կանանց, որոնք հյուր էին եկել Հայաստան, հետո թալանել ու դրա համար 7 տարի նստել, այդ նույն ձևով այսօր ուզում է բռնաբարել ու կողոպտել հայ-ռուսական հարաբերությունները և իրականություն դարձնել Հրանտ Բագրատյանի երազանքը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*