«Բորշչն Ուկրաինայի ներկայացչության շեմին լցնելը հեշտ է, անվտանգ է, ռսահաճո է». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արյան ծովից մինչև բորշչի աման

Ասում են՝ ողբերգությունը կրկնվում է ֆարսի տեսքով։ Ուկրաինայի ներկայացուցչության դիմաց բորշչ թափող ՀՅԴ անդամները կրկին ապացուցեցին այս հին ճշմարտությունը։ Եթե թրքական դրոշ վառելուց և ուկրաինական բորշչ թափելուց բացի այս երբեմնի հզոր կառույցը չունի այլ քաղաքական փաստարկ, սա շատ տխուր բան է արձանագրում հայոց կուսակցական դաշտի մասին։ Հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ հակավրացական և հակաուկրաինական քվեարկությունների ժամանակ ՄԱԿ-ում ոչ մի քաղաքական հայտարարություն կամ հոդաբաշխ քաղաքագիտական գնահատական մենք ՀՅԴ-ից չենք լսում։ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի կողմից ընդունված երկու հակաթրքական ու հայանպաստ օրինագծերի կապակցությամբ ՀԵՎԿ-ի շնորհակալական երթերի ու մոմավառության օրերին ոչ մի ՀՅԴ անդամ այդ կողմերում չի երևում։ ՌԴ դեսպանատան դիմաց մարտի 16-ին՝ ռուս-թրքական հանցավոր պայմանագրի դեմ մեր բողոքի ցույցերին կամ Գյումրիի 102-րդ բազայի մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու մեր պահանջների օրերին ոչ մի ստվեր ու շշուկ ՀՅԴ-ից չի երևում ու չի լսվում։ Իսկ այ բորշչ Ուկրաինայի ներկայացչության շեմին լցնել հեշտ է, անվտանգ և, ամենակարևորը՝ ռսահաճո է։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը չի ողջունում Ուկրաինայի և Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-ազրբայջանական վերջին ընդարման կապակցությամբ։ Սակայն մենք գիտակցում ենք, որ դա ՀՀ ԱԳՆ և կառավարության երկարամյա ստրկամիտ ու վախվորած քաղաքականության բնական արդյունքն է, քանի որ ՄԱԿ-ում մշտապես դեմ քվեարկելով մեր հարևան և իրական ռազմավարական դաշնակիցների դեմ՝ Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի և Դոնբասի հարցերով, Հայաստանը անխուսափելիորեն առերեսվելու է համապատասխան վերաբերմունքի Կիևի և Թբիլիսիի կողմից։ Եվ այստեղ ոչ թե սացիվի ու բորշչ պետք է թափել, այլ աշխատել հասարակական, դիվանագիտական, քաղաքական մակարդակներով՝ ձգտելով շտկել ՀՀ ԱԳՆ գաղութային ժառանգությունը և բարեկամական հարաբերություններ հաստատելով մեր վաղվա ռազմավարական դաշնակիցների՝ ՈՒկրաինայի և Վրաստանի հետ։ Նրանց հետ միասին նրանց օգնությամբ է Հայաստանը անդամակցելու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Իսկ «արյան ծովը» բորշչի ամանով փոխարինած և այդ ամանում փոթորիկ բարձրացնող կառույցները իրենց լուսանցքի մեջ են դնում նման ամոթալի, տհաս ու ծիծաղելի արարքներով»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*