Աննա Հակոբյանը՝ գովազդային արշավի մոդել․ Լուսանկարներ

Այսուհետ ‹‹Հայաստանը սեր է››, ‹‹Հանգստացիր Հայաստանում››, ‹‹Visit Armenia››,  ‹‹Armenia Love›› խորագրերով և հեշթեգերով Հայաստանի ու Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում ավելի հաճախ կհանդիպեք։ Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։ 

‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցախը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։ 

‹‹Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար ‹‹ազատ Արցախ›› հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան››,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցախի Դադիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարանը, ‹‹Հունոտի կիրճ›› բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։ 

‹‹Արշավի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու Արցախը որպես հանգստի լավագույն վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ բնության գրկում, այցելել տեսարժան վայրեր, վայելել համեղ խոհանոցը։ Հատկանշական է, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում վարչապետի տիկինը արցախյան խոհանոցի զարդը համարվող ‹‹Ժենգյալով հաց›› է թխել արցախցի Վալյա տատիկի հետ միասին։ Իսկ Շուշի գորգերի թանգարանի լուսանկարներում ներկայացված են արցախյան գորգերի ողջ գեղեցկությունը, պատմական արժեքն ու կարևորությունը››։

Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արշավը վաղուց էին ծրագրում իրականացնել, սակայն մեկնարկը համընկավ հենց համավարակի տարածման շրջանի հետ։ ‹‹Համավարակը մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար և մեծ վնաս է հասցնում հատկապես զբոսաշրջությանը։ Շատերը չգիտեն, թե մեր երկրում որքան գեղեցիկ վայրեր կան, պատմական արժեքներ կան։

Ցավոք, բայց մեզանից շատերը այդքան էլ լավ չեն ճանաչում մեր հայրենիքի թաքնված անկյունները։ Արշավի նպատակն է աջակցել զբոսաշրջությանը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն հայրենիքում, իսկ սահմանները բացվելուց հետո նաև օտարերկրացի զբոսաշրջիկները վայելերն մեր երկրի գեղեցկությունն ու յուրահատկությունը››։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*