«Այս աչքակապությանը վերջ տալու համար ուղղակի հրապարակեք EASA զեկույցը». Հակոբ Ճաղարյան | HAVASTI.info

«Այս աչքակապությանը վերջ տալու համար ուղղակի հրապարակեք EASA զեկույցը». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՔԱԿ. հերթական սո՞ւտ, թե՞ անմեղսունակություն.

Երեկ ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն իր էջին տեղադրել էր ԵՄ նորանշանակ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի` ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոնֆերանսում հնչեցրած մի մտքի հղումով, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունների ԵՄ «սև ցուցակում» հայտնվելը, դա վերջին 1,5 տարվա վատ աշխատանքի արդյունք չի, այլ տարիներով կուտակված խնդիների արգասիք:

Վստահ եմ, որ ավիացիայի ոլորտի մասնագետ չհանդիսացող, դիվանագետ տիկին դեսպանն իր առաջին առցանց կոնֆերանսին այլ բան չէր էլ ասի: Սա կոչվում է դիվանագիտություն:

Բայց բազմիցս ավելի համոզված եմ, որ նա երբեք և ոչ մի պարագայում կասկածի տակ չէր դնի նաև Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության 6 հոգանոց ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄ ունեցող, ավիացիայի բոլոր ոլորտները ներկայացնող թիմի դիտարկումներից հետևող, զեկույցում բազմիցս նշված, ՀՀ ՔԱԿ տարի ու կես բացարձակ անգործության, նախկին համակարգից հրաժարվելով, նորը չստեղծելու, ոլորտի կարգավորումներից բացարձակ անտեղյակության ևս 42 այլ դիտողությունների հիմնավորմամբ անվստահելի գործընկերոջ գնահատականը:

Հիմա ի՞նչ է նշանակում դեսպանի դիվանագիտական արտահայտությունը. ամեն ինչի պատասխանատվությունից ձեզ ազատե՞լ, թե՞ դիվանագիտական քաղաքավարություն:

Եթե ՀՀ պետական մարմինը պետք է գնա Մոնտռեալում արտասահմանցի մասնագետներից տեղեկանա իր վերահսկելիք ոլորտում գոյություն ունեցող անվտանգության խնդիրների մասին, եթե պատասխանատվություն ստանձնելու, բացթողումները շտկելու փոխարեն պետք է իր չարածների պատասխանատվությունց խուսափելու համար հղումներ անի աուդիտին չմասնակցած, մասնագիտությամբ օդային կարգավարի (դիսպետչեր), սևցուցակվելու հաջորդ իսկ օրը հայերեն գրած բարեխոսականի, ԵՄ դեսպանի դիվանագիտական քաղաքավարությունից ելնելով, բացեիբաց մեղադրանքից խուսափող արտահայտությունների վրա, ապա ի՞նչ է սա, եթե ոչ ՍՈւՏ կամ ԱՆՄԵՂՍՈւՆԱԿՈւԹՅՈւՆ:

Առայժմ կնշեմ EASA զեկույցի առաջին երկու դիտարկումնեը`

1. Ավիացիոն Իշխանությունների ոչ բոլոր գործառույթներն են ներառված ՔԱԿ գործունեության փաստաթղթերում: (Նշանակում է` ՔԱԿ-ը չգիտի իր անելիքների ամբողջ սպեկտորը)

2. ՀՀ ՔԱԿ-ը չունի անհրաժեշտ մասնագետների քանակը հաշվարկելու մեխանիզմներ (փաստացի նշվում է, որ չգիտի քանի մասնագետի և ինչ մասնագիտությունների կարիք ունի: Ինչը նշանակում է, որ չունի համակարգված կառույց: Ինչը հեշտությամբ կարելի է ստեղծել մի քանի օրում: Իսկ մասնագետների պատրաստումը կպահանջեր 3-5 ամիս):

Էս դիտողությունները տարիների անգործության արգասի՞ք են: Թե՞ կարելի էր մի քանի օրում կատարել:

Անձամբ ես, կամավոր օգնության լծված օդաչու Արմեն Պապիկյանի հետ դեռևս դեկտեմբերին ձեզ ենք մատուցել ավիացիոն իշխանությունների ստանդարտ ստրուկտուրան:

Չասեք, որ տարիների խորքից է գալիս: Իսկ այս աչքակապությանը վերջ տալու համար՝ ուղղակի հրապարակեք EASA զեկույցը, և վերջ:

ՀՀ ՔԱԿ-ը պետական մարմին է, և իր գործունեության գնահատականի հաշվետվությունն ու թափանցիկությունը պարտադիր է: Մանավանդ, որ EASA զեկույցը ոչ մի պետական գաղտնիք չի պարունակում: Այն չոր ավիացիոն փաստաթուղթ է:

Իսկ ամենավատը այս ամենում այն է, որ էսպիսի, կներեք, «կռուտիտները» գործելավոճ դարձրած մարմնից փոփոխություններ սպասելն է անիմաստ: Ցավալի է, բայց փաստ: Իսկ պատասխանատվությունն անխուսափելի»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *